8632 դիտում
14:45 15-10-2018
Մենք ոչ մի ահազանգ չենք ստացել. Էջմիածնի քաղաքապետարանի պարզաբանումը՝ Էջմիածնում ողբերգական դեպքի վերաբերյալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Էջմիածնի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Էջմիածնում հոկտեմբերի 11–ին, տեղի ունեցած փլուզման վերաբերյալ եւ հայտնել, որ երբեք ահազանգ չեն ստացել նշված հասցեում շինարարություն կատարելու վերաբերյալ։
«Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան մամուլում շրջանառվող չճշտված լուրերի, թե Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկում գտնվող խանութին քաղաքապետարանը նկուղի շինարարության թույլտվություն է տվել, ինչն էլ դարձել է ողբերգական փլուզման պատճառ, խեղաթյուրված ինֆորմացիա է եւ ոչ այլ ինչ, քան մեղավորությունը բարդելու փորձ:
Հայտնում ենք, որ նշված հասցեի սեփականատեր Մայիս Աթանյանից քաղաքապետարանը ստացել է արտաքին տեսքի արդիականացման եւ հասցե տրամադրելու վերաբերյալ դիմում, ինչին ի պատասխան քաղաքապետարանը հայտնել է, որ չի առարկում նշված հասցեում գտնվող խանութի արտաքին տեսքը արդիականացնելուն: Որոշումը ստանալուց հետո խանութում սկսվել են շինարարական աշխատանքները եւ, քանի որ կառուցապատման շրջակայքը արտաքինից պատված է եղել պաստառով, նկատելի չի եղել եւ կասկած չի հարուցել թե իրականում ինչ աշխատանքներ են կատարվում (նկուղի տարածքի ընդլայնման աշխատանքներ): Նշենք նաեւ, որ շինաշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը ոչ մի ահազանգ չի ստացել ո´չ ոստիկանությունից, ո´չ բնակիչներից:
Քաղաքապետարանն իր ցավակցությունն է հայտնում մահացածի ընտանիքին եւ բնակիչներին հորդորում զերծ մնալ ինքնագործունեությունից եւ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում խորհրդակցել պատկան մարմինների հետ, շինարարություն չնախաձեռնել առանց սահմանված կարգով շինարարական թույլտվություն ստանալու: Նման դեպքերը ոչ միայն ենթակա են տուգանքի, այլեւ վնասում են այլ շահառուներին պատկանող սեփականությունը եւ վտանգում շենքերի սեյսմակայունությունը` ցավոք բերելով ողբերգական դեպքերի:
Կից` ներկայացնում ենք սեփականատիրոջից ստացված դիմումը եւ քաղաքապետարանի պատասխան որոշումը»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/13/1107563/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 15:20-ի սահմաններում, Էջմիածնի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Զ. Մաթևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Էջմիածին քաղաքի Սբ. Մարիանե փողոցի բնակիչ, 55-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 59 շենքից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված շենքի հիմքերն ամրացնելու նպատակով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի էր ունեցել հողի փլուզում, և այն լցվել էր Ա. Սարգսյանի վրա, ինչն էլ դարձել էր մահվան պատճառ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կար նաև վարկած, որ նշված հատվածում աշխատանքներ կատարելու թույլատվություն ժամանակին չէր տվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, քանի որ այն իրենից վտանգ էր ներկայացնում, այդ թվում՝ մասնագետների կարծիքով, շենքի հիմքերը կթուլանային:
Եվ ողբերգական դեպքից օրեր առաջ Ա. Սարգսյանին Վաղարշապատի քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնյաներ ասել էին, թե նա կարող էր ազատ աշխատանքներ կատարել, ու եթե քաղաքապետարանի նշված անձինք Ա. Սարգսյանին չասեին, թե գնա ու քո գործողությունները կատարի, ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+