211652_close_icon
views-count86454 դիտում article-date 10:22 25-09-2018

«Կասկադյորական» վթար Երևանի կենտրոնում. Opel-ը բախվել է Dodge-ին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ժամանել են Երևանի ՃՈ պետի տեղակալն ու հետաքննչական բաժանմունքի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կորյունի փողոցի թիվ 25 շենքի դիմաց Opel մակնիշի 35 MՍ 962 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Dodge մակնիշի 13 DD 444 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Տիգրան Վարդազարյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են գլխիվայր շրջված ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օրվա հերթապահ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ը շահագործվում է որպես տաքսի։ Վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ 1.5 ժամից ավելի է՝ «մեծն» ԱՊՊԱ-ն, ասես, «ուխտի ականջում քնած լինի». գլխիվայր շրջված Opel-ի սեփականատերն ու նշված տաքսի ծառայության պատասխանատուները մի քանի անգամ զանգահարեցին իրենց ԱՊՊԱ գործակալություն, սակայն նրանք դարձել էին «Նոյի ագռավ»։ Ստացվում է, որ տուժած քաղաքացին ԱՊՊԱ զանգահարելուց հետո պետք է մի հատ էլ «աղավնի ուղարկի», ու ստիպված ճանապարհային ոստիկանները, չսպասելով ԱՊՊԱ գործակալի բարեհաճելուն, ավտոմեքենան փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դարձի բերեցին և հետաքննիչ Գ. Ծառուկյանի հանձնարարականով տեղափոխեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր