211652_close_icon
views-count27920 դիտում article-date 16:27 15-04-2026

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford Transit»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. վիրավոր վարորդին ավտոմեքենակից դուրս են բերել Հրազդանի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փրկարարները մոտ 40 րոպե հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են վարորդին, ով արգելափակվել էր, դուրս բերել ավտոմեքենայից։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ZIL»-ի և հիվանդանոց տեղափոխված՝ «Ford Transit»-ի վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ford»-ը բարձված է եղել լվացքի համար նախատեսված պարագաներով, այդ թվում՝ ժավելի սպիրտով, որի մի մասը բախման հետևանքով թափվել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր