211652_close_icon
views-count3107 դիտում article-date 13:32 10-07-2018

Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ է ստեղծվելու

Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց ստեղծել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ: Նման որոշման նախագիծ կառավարություն ներկայացրել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Ստեղծվող խորհուրդն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է լինելու: Դրա հիմնական նպատակը՝ ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն է լինելու: Խորհրդի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման, արդարադատության նախարարություններից, ոստիկանությունից, քննչական կոմիտեից, գլխավոր դատախազությունից, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Բացի այդ, ութ ներկայացուցիչ կընդգրկվեն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից, ութ ներկայացուցիչ էլ ՝ աջակցության կենտրոններից և ապաստարաններից: Խորհուրդը գործելու է հասարակական հիմունքներով:

Նմանատիպ նյութեր