74656 դիտում
09:55 21-03-2018
Nissan-ի 21-ամյա վարորդը Երևանի կենտրոնում իր ընկերների հետ «ավտոռալի» կազմակերպելիս ստեղծել է վթարային իրավիճակ ու բախվել մեկ այլ Nissan-ի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մադոյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զավեն Առաքելյանի վարած Nissan մակնիշի 80 MM 202 համարանիշի և Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5 շենքի բնակիչ՝ 21-ամյա Գառնիկ Ասլանյանի վարած Nissan մակնիշի 88 NL 886 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Ասլանյանը, նրա ուղևորներ՝ Դրոյի փողոցի 3-րդ շենքի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Թովմասյանն ու 27-ամյա Արման Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել մյուս վթարված Nissan-ի վարորդը, քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ վիճակում։
Դեպքի վայրում հավաքված մի քանի երիտասարդներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վթարի մեղավորը եղել է Գ. Ասլանյանը, ով մեկ այլ Nissan-ի ու Toyota-ի հետ խաչմերուկում ավտոռալի էին կազմակերպել ու ինքն է եղել պատճառը, որ ստեղծելով վթարային իրավիճակ՝ էս աջաբսանդալը սարքեց։ Իսկ նրա հետ գոնկավատ անող Tօyota-ի ու Nissan-ի համարանիշները «17»-ով էին սկսվում»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Մարտիրոսյանը ներկայացել է, որ ինքն աշխատում է «Հեդ կանսալտինգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։
Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+