211652_close_icon
views-count4720 դիտում article-date 19:41 14-11-2017

Լոռու մարզի 42 կին ստացել է սոցիալական ձեռնարկատիրության հնարավորություն

Լոռու մարզի 42 կին ստացել է սոցիալական ձեռնարկատիրության հնարավորություն ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի «Տնային տնտեսությունների ինքնազբաղվածության խթանում» ծրագրի շրջանակում Լոռու մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 42 երիտասարդ կին և աղջիկ ստացել է անհրաժեշտ մասնագիտական գիտելիք և ձեռք բերել հմտություններ հատապտղային մշակաբույսերի մշակման, վերամշակման և իրացման վերաբերյալ, իսկ տնամերձերում հիմնել են բարձրարժեք մշակաբույսերի հատապտղային տնկարքներ: Այդ տնկարքները բերքատվություն կունենան վեգետացիոն 1-ին և 2-րդ տարվանից, այնուհետև կապահովեն բնական և վերամշակված գյուղմթերքի իրացման համար անհրաժեշտ հատապտուղների քանակ: Այժմ մասնագետները կանոնավոր տնային այցելություններ են կազմակերպում շահառուների համար դաշտային խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ծրագրի շահառուների արտադրած գյուղատնտեսական բնական և վերամշակված մթերքների զբոսաշրջիկների՝ պահանջներին համապատասխանող իրացումը խթանելու համար, Լոռի Բերդ գյուղում նախատեսվում է ստեղծել «Գյուղատնտեսական արտադրանքի իրացման կենտրոն»: Այն դառնալու է համայնքի բնակիչների գյուղատնտեսական ապրանքները պոտենցիալ գնորդներին առաջարկելու համար մասնագիտացված վայր: Ծրագրի իրականացման ընթացքում շահառուները ձեռք կբերեն նաև սոցիալական ձեռնարկատիրության, թիմային աշխատանքի և շուկայավարման վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ, կկարողանան ինքնաբացահայտել և ինքնադրսևորվել: Ստացած գիտելիքն ու հմտությունները հետագայում հնարավորություն կտան ընդլայնել գործը և տնտեսությունների եկամուտում մեծացնել գյուղատնտեսությունից ստացվող մասնաբաժինը: Սկսած երկրորդ տարվանից՝ յուրաքանչյուր շահառու «Գյուղատնտեսական արտադրանքի իրացման կենտրոն»-ի միջոցով վերցրած տնկիների քանակի 50%-ի չափով պետք է տրամադրի այլ շահագրգիռ ընտանիքների: Լոռի Բերդ գյուղ, որը հայտնի է Լոռե բերդաքաղաք արգելոց-թանգարանով, 2017 թվականին այցելել է մոտ 17000 զբոսաշրջիկ: Խոշորացումից հետո այն դարձել է համայնքային կենտրոն: Լոռի Բերդ գյուղին հարակից Ագարակ և Լեջան գյուղերը նույնպես ընդգրկվել են միևնույն համայնքի մեջ: «Տնային տնտեսությունների ինքնազբաղվածության խթանում» ծրագիրն իրականացվում է Լոռու մարզի Լոռի Բերդ, Ագարակ և Լեջան գյուղերում՝ երեք ամիս ժամկետով: Այն ուղղված է այդ համայնքների անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացմանը, երիտասարդ կանանց զբաղվածության ապահովմանը: Ծրա¬գրի վերջնանպատակն է տնային տնտեսությունների եկամուտում մեծացնել գյուղատնտեսությունից ստացվող մասնաբաժինը՝ բարձրացնելով ինքնազբաղվածության և գյուղատնտեսության վարման արդյունավետությունը: Ծրագրի նպատակներին հասնելու համար շահառուների համար կազմակերպվել են հանդիպումներ, խորհրդատվություններ և դասընթացներ: Փորձագետները նաև այցելել են ծրագրի շահառուների տնամերձ հողատարածքներ՝ հատապտղային տնկարքների տնկման, աճեցման և բերքահավաքի համար հողամասերի ընտրության և հիմնական տնկման սխեմաների ստեղծման համար: Ձեռք են բերվել ազնվամորու, ելակի, անգույն մոշի, Գոջի բերրիի տնկիներ և բաժանվել շահառուներին: Ծրագիրն իրականացվում է «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության և «Մաքուր մթերք արտադրողներ» սպառողական կոոպերատիվի համագործակցությամբ: Ծրագրի ընթացքը վերահսկում և մշտադիտարկում է ՀԿՍ-ն: ### Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:

Նմանատիպ նյութեր