144252 դիտում
09:04 04-11-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գյումրիում. 21-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է կայանված բեռնատարի մեջ., կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Ալեքսանդր Աբդուլգարիմովը Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի 21 հասցեի դիմաց՝ Մաքսային պահեստների հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 18 XX 818 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մզեզաբուկի Ինգիկոևիչին պատկանող DAF մակնիշի DL -504-LD համարանիշի ավտոմեքենայի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 27-ամյա Լուսինե Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորուհին՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 23-ամյա Լիլիթ Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Ղազարյանի և քրեական հետախուզություն բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աղասի Իսահակյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանի ուղեկցությամբ Mercedes-ի վարորդը տեղափոխվեց բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+