211652_close_icon
views-count43788 դիտում article-date 18:30 15-10-2017

Տարօրինակ գողություն Արարատի մարզում. Ոստիկանությունը փնտրում է ծաղկակաղամբի գողին

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց գողության փաստով: Ժամը 00:20-ի սահմաններում Այգեստան գյուղի բնակիչ, 49-ամյա Արթուր Մարտիրոսյանը նկատել է, որ մի քաղաքացի իրեն պատկանող, իր սեփականաշնորհված հողամասից գողացել է իր կողմից աճեցված ու մշակված մոտ 100 կգ ծաղկակաղամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մարտիրոսյանը կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ ծաղկակաղամբագողը նկատելով իրեն՝ դեպքի վայրից ոտքով դիմել է փախուստի: Արդեն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերել են ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենա՝ ծաղկակաղամբով բարձված: Հաշված րոպեների ընթացքում Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արտակ Հովհաննիսյանին: Ոստիկանութունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Ա. Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ գողոնն առգրավվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր