211652_close_icon
views-count499 դիտում article-date 19:54 28-04-2026

Գարշահոտ իրավիճակ Նուբարաշենում․ դիտահորից 2 օր է կեղտաջուրը մի քանի կմ հոսում է՝ լցվելով բնակիչների ավտոտնակներ ու նկուղներ․ «Վեոլիա Ջուր»-ին ու Նուբարաշենի թաղապետին կարծես չի մտահոգում, որ կա համաճարակի վտանգ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է Նուբարաշեն վարչական շրջանի 20-րդ փողոցի 30-ից ավելի տան բնակիչները չեն կարողանում «Վեոլիա Ջուր» ընկերությունից հստակ պատասխան ստանալ, թե երբ են ընկերության մասնագետները ժամանելու ու փողոցը փրկելու գարշահոտից։

Այսօր՝ ապրիլի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երկու օր է փողոցով անցնող դիտահորից ամբողջ կեղտաջուրը դուրս է գալիս և մոտ 2-3 կմ հոսում ամբողջ տարածքում, այդ թվում՝ հարակից տներում ու բակերում՝ ստեղծելով հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։

2 օր է զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», 2 օր է նույն պատասխանն ենք ստանում՝ տեղյակ են, մեզ կտեղեկացնեն։

2 ժամ վճարումը ուշացնես՝ ջուրը վրադ կկտրեն, բայց կան ընտանիքներ, ովքեր կանխավճարներ են մուծում, բայց փոխարենը «Վեոլիա Ջուր»-ի փնթի աշխատանքը մի ամբողջ փողոց դարձրել է խոլերայի բուն։

Նույնիսկ կեղտաջրերը լցվում են տան բակեր, ավտոտնակներ, նկուղներ, ու այս ճանապարհով բազմաթիվ երեխաներ մանկապարտեզ ու դպրոց են գնում։ Պատկերացնո՞ւմ եք երեխաների վիճակը․ մտնում են դպրոց, ուսուցչուհին կարող է մտածել, թե երեխաները առանց լողանալու են եկել։

Թաղապետարանն էլ է տեղյակ։ Թաղապետարանից եկան, նայեցին, էդքանով իրենց գործը համարեցին ավարտված ու գնացին։

Հիմա ուզում ենք դիմել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի իրենք միջնորդ հանդիսանան ու «Վեոլիա Ջուր»-ին պարտավորեցնեն, որ թերությունը արագ լուծվի։ Հիմա մեր փողոցի բնակիչներից մեկը, որը արդեն նյարդայնացել է «Վեոլիա Ջուր» զանգելուց, հերթական անգամ իր միջոցներով կապվել է ինչ-որ կազմակերպության հետ ու վճարելու դիմաց պատրաստվում է գործը լուծել։

Բայց դա հարցի ժամանակավոր լուծում է․ պետք է թաղապետարանը «Վեոլիա Ջուր»-ի հետ համագործակցի, և այս փողոցներով անցնող սովետական տարիներից գործող, հիմա արդեն պատուհաս դարձած կոյուղատարերը փոխարինվեն մի քիչ մեծ տրամաչափի խողովակներով»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր