211652_close_icon
views-count2634 դիտում article-date 17:20 04-10-2017

Տրանսպորտի նախարարը կարևորել է իտալական ընկերությունների ներգրավվածությունը ճանապարհաշինական և ՏՏ ոլորտներում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 4-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորեց տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ամուր հիմքերը: Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ իտալական կազմակերպությունների ու իտալացի մասնագետների ներգրավմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին՝ կարևորելով նրանց առավել ակտիվ մասնակցությունը։ Խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ներկա և հետագա ընթացքի մասին՝ նախարարը ներկայացրեց ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները: Նա ընդգծեց, որ նախարարության ներկայացուցիչներն ամենօրյա հսկողություն են իրականացնում առկա թերացումները շտկելու ուղղությամբ, նաև խնդրեց դեսպանին իր կողմից ևս ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագրում առաջիկայում լրացում կատարելու մասին արձանագրության նախագծին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը դեսպանին ներկայացրեց նաև վերջին օրերին Երևանում անցկացված ՏՏ ոլորտի մի շարք միջազգային համաժողովների արդյունքները և հույս հայտնեց, որ առաջիկայում իտալական ընկերությունների հետ ևս այս ոլորտում համագործակցության հիմքեր կստեղծվեն, կբարձրանա հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավվածությունը և ներկայացվածությունը Իտալիայում։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր