211652_close_icon
views-count46842 դիտում article-date 14:24 23-08-2017

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. քրեական հետախուզության օպերլիազորը Nissan-ով Ստեփանավանի թունելում մխրճվել է ЗИЛ-ի մեջ, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունելի մեջ բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Թորոսյանի վարած Nissan մակնիշի 25 GG 525 համարանիշի և Լոռու մարզի Գյառգյառ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Վալերիկ Շահվերդյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 DՏ 174 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ն. Թորոսյանն ու նրա ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 59-ամյա Վարուժան Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի և ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, որից հետո կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ն. Թորոսյանն աշխատում է Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վիրավոր Վ. Թորոսյանը նրա հայրն է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ թունելում գտնվող ЗИЛ-ի վարորդը չի պահպանել անվտանգության կանոնները. ավտոմեքենան կայանված վիճակում չի ունեցել վթարային լուսարձակներ, կամ, եթե ունեցել է, ապա միացրած չի եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր