211652_close_icon
views-count8852 դիտում article-date 11:49 09-03-2017

Պնդումները, թե ադրբեջանական կողմը պոմպ է տեղադրել Ջողասի ջրամբարի ներսում և օգտվում է ջրից, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՋՏՊԿ

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ Ջողասի ջրամբարի շահագործմանն առնչվող հարցին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Արձագանքելով վերջին շրջանում մամուլում հայտնվող հրապարակումներին՝ հարկ ենք համարում նշել, որ Ջողասի ջրամբարի տեխնիկական և ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է: Նշենք, որ ջրամբարը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Ջողասի (Ոսկեպարի ստորին հոսանքը) միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Այն կառուցվել է խորհրդային տարիներին և շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2, 14 կմ² է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ³, օգտակարը՝ 43 միլիոն մ³։ Խորհրդային տարիներին ջրամբարի ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքներ։ Ոռոգվում էր մոտ 10 000 հա հողատարածք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե ադրբեջանական կողմը պոմպ է տեղադրել Ջողասի ջրամբարի ներսում և օգտվում է ջրից, ապա հարկ է նշել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ջրամբարի ներսում պոմպ չկա: Իսկ Ադրբեջանի վարչական տարածքում ջրամբարից դուրս եկող ջրով ձևավորված գետի հոսքի վրա պոմպի տեղակայված լինելու կամ շահագործման վերաբերյալ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկատվություն չունի»:

Նմանատիպ նյութեր