42059 դիտում
15:01 24-02-2017
Հերթական ավազակային հարձակումը՝ Արմավիրի մարզում. 3 դիմակավորված ճիվաղներ, որոնցից մեկը՝ զինված ատրճանակով, ավազակային հարձակման են ենթարկել տարեց ամուսիններին
Երեկ՝ փետրվարի 23-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում 3 դիմակավորված անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Ամբերդ գյուղի բնակիչ, 86-ամյա Ավետիս Եսայանի տուն և բռնություն կիրառել տանը գտնվող անձանց նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Ումուրշատյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ դիմակավորված 3 ճիվաղները, որոնցից մեկը ատրճանակով զինված է եղել, Ամբերդ գյուղի 14-րդ փողոցի թիվ 8 տուն ներխուժելուց հետո կպչուն ժապավենով կապկպել են Ա. Եսայանին ու նրա կնոջը՝ 79-ամյա Ամալյա Եսայանին, որից հետո բռնություն կիրառելով՝ տան տարբեր սենյակներից հափշտակել են 200.000 դրամ, 700 ԱՄՆ դոլար, արծաթե 1 զույգ ականջօղ, ոսկյա 2 մատանի, բջջային հեռախոս և տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ և իրենց սև գործն ավարտին հասցնելով՝ տականքները հեռացել են նշված տնից։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու և գողոնը գտնելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: