80139 դիտում
12:34 27-12-2018
Ավազակային հարձակում Վայոց Ձորի մարզում. 4 դիմակավորված ճիվաղ զենքի սպառնալիքի տակ ծեծի են ենթարկել տարեց ամուսիններին ու հափշտակել խոշոր չափի գումար ու ապրանքներ
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններոմ դիմակավորված 4 հոգի ապօրինի մուտք են գործել Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 69-ամյա Սամվել Հովհաննիսյանի տուն, ծեծի ենթարկել նրան ու կնոջը՝ 58-ամյա Օվսան Հովսեփյանին և դանակի ու ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել 500 հազար դրամ, կոնյակներ, համակարգիչ, բջջային հեռախոս և պլանշետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղները կապել են ամուսիններին, բազմաթիվ հարվածներ հասցրել, իսկ հետո ավարը հափշտակելուց հետո դիմել են փախուստի։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գերասիմյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Խաչատրյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանը։
Փաստի առթիվ քննչական վարչությունում ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և հափշտակված գումարն ու ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: