211652_close_icon
views-count125787 դիտում article-date 23:18 05-08-2023

Ոստիկանական փայլուն օպերացիա Երևանում. ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Վահագնի թաղամասում՝ «Վահագնի» ռեստորանում, զինված ու դիմակավորված ավազակային հարձակումը կատարողներին, որոնցից մեկը նախկին «օրենքով գող» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ  Վարդան Վարդանյանի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության  պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյան և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ և գրագետ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են Երևանում՝ Վահագնի թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, զինված, դիմակավորված ավազակային հարձակման դեպքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ստեղծվել էին մի քանի օպերատիվ հետախուզական խմբեր, ովքեր աշխատում էին մի քանի վարկածների ուղղությամբ և ի վերջո համադրելով հավաքված փաստերը՝ ՀՀ Ոստիկանապետի տեղակալ Վ. Վարդանյանի կարգադրությամբ, իրականացվել է օպերացիա, որը կրել է «Գողի և ում օրն է 40 օր» անունը:

Ոստիկանները նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով հայտնաբերել և Ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 29-ամյա Արսեն Գրիգորյանին, 40-ամյա Հայկ Ղազինյանին և ՌԴ քաղաքացի, 43-ամյա Ահմեդ Ումարովին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարի մի մասը, իսկ Ա. Գրիգորյանի մոտ եղած պայուսակի միջից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ փամփուշտներով և 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ իր պայթուցիչով:

Նշված անձինք քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ջոկատի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետների» ուղեկցությամբ, ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, կասկածյալներից Հ. Ղազինյանը նախկինում եղել է «օրենքով գող», ով ավելի շատ հայտնի է եղել «(Աստրախանի Հայկո)» մականվամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք եղել են ռուսական համարանիշներով Audi մակնիշի ավտոմեքենայով, որը նունպես ոստիկանները հայտնաբերել են և այն տեղափոխել Ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 5-ին դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 72-ամյա Մ․ Ս․-ից, ով հայտնել է, որ 2 դիմակավորված անձինք՝ զինված ատրճանակով, «Վահագնի» թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում հարձակվել են իր վրա, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, հափշտակել թանկարժեք խմիչքներ, ապա երկաթյա պահարանից հափշտակել գումար և այլ իրեր։

Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Բալոյանի, ավագ քննիչ Սաֆարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Քուռոյանն ու կրտսեր պարեկ Արամ Տոնոյանը։

Պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք՝ ատրճանակներով զինված, մտել են Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիր, կպչուն ժապավենով կապել Մ․Ս․-ի ձեռքերն ու ոտքերը, ապա զենքի սպառնալիքով սրահից հափշտակել են գանձատուփը և խմիչքները, ապա դիմել փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորվածները ռեստորանային համալիրից հափշտակել են մոտ 5 միլիոն դրամ և մի քանի միլիոն դրամի խմիչքներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր