211652_close_icon
views-count59501 դիտում article-date 11:50 24-02-2017

Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը. 4 վիրավորներին, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ջրվեժ գյուղի վարչական տարածքում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana մակնիշի 35 CL 326 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 31 ՍԼ 004 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հիմնականում՝ Ողջաբերդ և Ջրվեժ գյուղի բնակիչներ, ովքեր այդ պահին անցնելիս են եղել, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին, առաջին օգնությունը ցուցաբերել, որից հետո ժամանած 2 շտապօգնության բրիգադները վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ը վարել է աղջիկ, իսկ վիրավորների մեջ է նաև ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ժամկետային զինծառայող։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր