211652_close_icon
views-count4213 դիտում article-date 10:16 04-08-2026

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. Այգավանի կամրջի մոտ բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail», «Kia» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Վեդու հիվանդանոց։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի գլխավորությամբ։

Դեպի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարար Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վեդիի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Opel»-ներից մեկը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր