211652_close_icon
views-count1471 դիտում article-date 21:25 03-08-2026

Արտակարգ դեպք՝ Արմավիր քաղաքում. հրդեհ է բռնկվել կայանված «Ford Transit»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ժամանել են մարզի փրկարարական վարչության պետը և ՊԾ գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի քաղաքի Բաղրամյան փողոցի հասցեներից մեկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջների ժամանումը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի բնակիչ Արմեն Խլղաթյանին։

Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր