211652_close_icon
views-count625 դիտում article-date 15:47 04-08-2026

Ձիթհանքովում բացվեց Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամբողջացնելով գյուղի հոգևոր-մշակութային կոթողների համալիրը

Հուլիսի 22-ը՝  Ձիթհանքովի պատմության հիշարժան էջերից 

Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրում խորհրդանշական բացման արարողություններ են։

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Ձիթհանքովում մասնակցել է մշակութային մի քանի կոթողների բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են գտնվել նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ,  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը, ծնունդով ձիթանքովցի բարերար, Անի համայնքի պատվավոր քաղաքացի  Արագած Պապոյանը, գյուղի բնակիչներ, հյուրեր։

 Նախ կտրվել են  Մարիամ Աստվածածնի և Մեսրոպ Մաշտոցի արձանների բացման կարմիր ժապավենները։

  Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել ու ծաղիկներ խոնարհել 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված պուրակում՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված ձիթանքովցիների հիշատակին։ 

 Հաջորդիվ հանդիսավորությամբ բացվել է Հիսուս Քրիստոսի արձանը, որով  համալրվել են գյուղի հոգևոր-մշակութային խորհրդանիշները։ 

 Այս նախաձեռնությունները կյանքի են կոչվել համայնք–բարերար համագործակցության արդյունքում։ Բարերար Արագած Պապոյանը տարիներ շարունակ աջակցել է  համայնքին՝ ներդրումներ կատարելով ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ հայրենի գյուղի զարգացման և շենացման ծրագրերում։ Նոր հուշակոթողներն ու հոգևոր արժեքները ևս այդ համագործակցության հերթական արդյունքն են։ 

 Արման Սարիբեկյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես երախտիքի խոսք է հղել  բարերարին՝ մշտապես համայնքի կողքին գտնվելու և համայնքին աջակցելու համար․

 «Համայնքի և բարերարների միջև ձևավորված ամուր կապն արտահայտվում է հենց նման նախաձեռնություններով։ Համայնքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը լավագույնս դրսևորվում են գործով, իսկ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն բնակավայրի բարեկարգմանը, այլև հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանը»,-ասել է Արման Սարիբեկյանն ու ընդգծել, որ նման նախաձեռնությունները պետք է վարակիչ լինեն։
Տոնական միջոցառումներն ավարտվել են մշակույթի տան բակում կազմակերպված համերգային ծրագրով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր