211652_close_icon
views-count106370 դիտում article-date 06:52 05-08-2026

Կրակոց և առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից գլխավոր տնօրենի մարմինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1/23 հասցեում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի  հիմնադիրներից էր, և  գլխավոր տնօրենն էր։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ դեպք քննչական բաժինը պարզում է։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Մահացածը երկար տարիներ առաջ իր ընկերների հետ հիմնադրել է «Բոնուս» սուպերմարկետների ցանցը, որը հանրապետության գրեթե բոլոր մարզերում մոտ 16 մասնաճյուղ ուներ, ու էդ մարդիկ առավոտից իրիկուն իրենց քրտինքով ստեղծում էին բարիք, աշխատատեղեր էին բացել։ Բայց հետո ինչ-որ մարդիկ սկսեցին էս մարդկանց բիզնեսը խլելու գործընթաց։ 

Էսօր տեսանք, որ ահագին ոստիկաններ ու պարեկներ եկան էստեղ, որից հետո իմացանք, որ նման դեպք է եղել։ Բայց չենք հավատում, էդ մարդն իր ընտանիքը սիրող, մարդու արժեքը գնահատող մարդ էր։ Էլի ենք պնդում՝ չենք հավատում, որ իբրև թե ինքնասպանություն է եղել։ Ոչ մի ինքնասպանություն։ Թող իրավապահները օբյեկտիվ քննություն անեն ու իրականությունը հանեն ջրի երես։ Կյանքը սիրող, բարիք ստեղծող մարդը նման քայլի չէր դիմի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր