211652_close_icon
views-count24212 դիտում article-date 09:26 04-02-2017

Խոշոր հրդեհ Սարի Թաղում. հրշեջների ու քաղաքացիների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ փրկվել վատթարագույնից, հակառակ դեպքում մեծ թվով տներ մոխրակույտի էին վերածվելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 7/2 տանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն կենտրոնի արագ արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Լրացուցիչ ժամանել են թիվ 8 և թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ կարողացել են ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ նախ կանխել նշված տանն առաջացած հրդեհի տարածումը, այնուհետև մարել կրակը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վատթարագույնից։ Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Եթե հրշեջները ուշ գային և ճիշտ գործողություններ չանեին, ապա կրակը կտարածվեր մյուս տների վրա, իսկ Սարի Թաղը, ողջ հանրապետությունում, գիտեն, որ մի փոքրիկ կայծի տարածւմ և տները ադիբուդիի նման ճտճտալով կվառվեին։ Գոհ ենք և հրշեջներից, և հարևաններից , ովքեր մինչև վերջ պայքարեցին կրակի տարածման ու կանխման դեմ»։ Տեղում եղել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, գազի վթարային ծառայության կարգավարը և էլեկտրոցանցի օպերատորը, ովքեր նույնպես մինչև վերջ մնացին հրդեհի վայրում։ Հրդեհի վայրում հրշեջների աշխատանքները ղեկավարում էր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի մեկուսացումից հետո պարզվել է, որ այրվել է հյուրասենյակում փայտյա դուռն ու պատուհանը, հեռուստացույցը, բազմոցը, բազկաթոռներն ու խոհանոցի փայտե պահարանը, ննջասենյակի փայտե դուռն, լվացքի մեքենան և կենցաղային այլ իրեր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր