211652_close_icon
views-count105572 դիտում article-date 12:44 30-09-2016

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ՝ Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ. Անկախությունը բացարձակ արժեք է

[b]- Հայաստանի Հանրապետությունն արդեն 25 տարեկան է: Խնդրում եմ` ներկայացրեք, թե Երկրապահն ի՞նչ դերակատարում է ունեցել Հայաստանի անկախացման գործընթացում: [/b] - Երկրապահը եղել է մեր ժողովրդի ազգային-ազատագրական շարժման ակունքներում: Երբ արցախահայության օրինական պահանջին թուրք ազերին Բաքվում, Սումգայիթում, այլ բնակավայրերում տեղահանություններ եւ ջարդեր հակադրեց, երբ զինված հարձակում հրահրեց Արցախի եւ Հայաստանի սահմաններին, հենց ազգի նվիրյալ հայորդիք էին, որ ըմբռնեցին զինված պայքարի կարեւորությունը: Ձեւավորվեցին երկրապահ կամավորական ջոկատներ, որոնք հետո համախմբվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով: 1990-ի հունիսի 10-ին ընդունվեց ջոկատների միավորման հռչակագիրը, իսկ ԵԿՄ հիմնադիր համագումարը կայացավ 1993-ի հուլիսին, երբ ընթանում էր կատաղի պատերազմը: Պատահական չէ, որ թե´ ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահը, թե´ ՀՀ առաջին պաշտպանության նախարարը Սպարապետ Վազգեն Սարգսյանն է եղել: Երկրապահն ստեղծվեց ժողովրդի տարբեր խավերից, ելավ ժողովրդի ծոցից ու սկսեց պաշտպանություն կազմակերպել, բանակ ստեղծեց: Երկրապահն է եղել անկախության կերտողն ու պահապանը, Երկրապահն է եղել հայրենյաց սահմանների պաշտպանն ու տարածքներ ազատագրողը: Երկրապահն է եղել հայոց բանակի հիմնադիրը, իսկ անկախությունը բանակի շնորհիվ ծնվեց ու պաշտպանվեց: Ի դեպ, ասեմ, որ ֆիդայական ջոկատները, կամավորականներս հաջողությամբ կարողացանք մերվել, համախմբվել դրսից եկած պրոֆեսիոնալ զինվորականների, Սովետական բանակի հայ հրամանատարների եւ այլ երկրերից եկած հայորդիների հետ: Դա էր պահանջում հայ ազգի շահը: Ես առանձնահատուկ պետք է նշեմ, որ Հայաստանի, Արցախի անկախացման գործընթացում անուրանալի ավանդ են ունեցել Արցախյան պատերազմի տարիներին պաշտոնավարած մեր պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը: [b]- Պարո´ն գեներալ, եթե կարելի է` մի քանի խոսքով անդրադարձեք անձամբ Ձեր մասնակցությանն ազատագրական պատերազմին: Որովհետեւ որոշ բաշիբոզուկներ վերջերս փորձում են կասկածի տակ դնել Ձեր հերոսական կենսագրությունը: Թեպետ ինքս եմ ապրիլյան պատերազմի օրերին տեսել, համոզվել, թե ինչպես էին ոգեւորվում արցախցիները եւ մեր կամավորականները Ձեզ տեսնելով` բացականչելով, որ մեր հերոսն է եկել, ուրեմն հաղթելու ենք: [/b] - Ասեմ շատ համառոտ: 1989 թվականի սկզբին, Համլետ Նահատակյանի նախաձեռնությամբ, էջմիածնեցի կամավորներով մեկնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղ եւ Էդիլլու (Ուխտաձոր) Ձորակի գյուղեր: 1990 թվականի սկզբին ընտրվել եմ Հադրութի Էդիլլու Ձորակի յոթ գյուղերի ինքնապաշտպանությամբ զբաղվող Էջմիածնից եկած կամավորական ջոկատի եւ ձորակի հրամանատար: Խորհրդային բանակի կողմից կատարվող անձնագրային ամենօրյա ստուգումների սարսափի ներքո ջոկատը գրեթե ընդհատակյա պարտիզանական գործունեություն էր ծավալում: 1990 թվականի աշնանը կամավորականների կողմից ընտրվել եմ Էջմիածնի շրջանի «Երկրապահ» ջոկատի եւ ձորակի հրամանատար: 1990 թվականի նոյեմբերի 15-ին Էդիլլու Ձորակի Դուդուկչի գյուղում, 14 ընկերներիս հետ, ձերբակալվել եմ խորհրդային բանակի հատուկ ջոկատայինների կողմից՝ ալֆա: 1990 թվականի դեկտեմբերի 12-ին, Արցախի տղաների աջակցությամբ 5 մարտական ընկերներիս հետ, Ստեփանակերտի հիվանդանոցից փախչել ենք եւ նորից հայտնվել Էդիլլու Ձորակում: Տղաներից յոթը դատապարտվեցին, հետո մենք կարողացանք տարբեր միջամտություններով նրանց տեղափոխել Վրաստան, Վրաստանից Հայաստան: Հայրենիքում նրանք, բնականաբար, ազատության մեջ հայտնվեցին: 1991թ. մեր կամավորական ջոկատը եւ ԼՂՀ գումարտակը Հադրութի հատվածում պարտիզանական պայքար են մղում ադրբեջանական օմոնի դեմ, ապահովելով բնակչության կյանքի ու գույքի անվտանգությունը: 1992թ. ապրիլի 1-ին Հադրութի տարածքի ինքնապաշտպանական կամավորական ուժերը իմ հրամանատարությամբ ազատագրեցին Հողեր գյուղը: Սա մարտական առաջին խոշոր հաղթանակն էր, առաջին ազատագրված գյուղն էր Արցախում: Դրանից հետո ազատագրեցինք Տողը` գործակցելով Տողի Վիգենի, Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ գործող տեղի ջոկատների հետ: 1992թ. մայիսին Շուշիի հաղթանակը նաեւ ապահովված էր Հադրութի կողմից: Ադրբեջանական բանակը պատեպատ էր ընկնում, բայց Հադրութի պաշտպանական ճակատը ճեղքել չկարողացավ: Այստեղ ադրբեջանական զորամիավորումների դեմ կանգնած էին իմ ղեկավարած Էջմիածնի Երկրապահ ջոկատն ու տեղացի կամավորականները: Մեր տղաների առանձին խումբ էլ անմիջականորեն Քարինտակի պաշտպանությունն էր իրականացնում: 1992թ. նշանակվեցի Էջմիածնի ջոկատի եւ Էդիլվա ուժերի համախմբմամբ ձեւավորված ԼՂՀ գումարտակի հրամանատար, այնուհետեւ կանչվեցի Հայաստան եւ նշանակվեցի Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար ու ստանձնեցի ԼՂՀ Հադրութի ենթատարածքի պաշտպանությունը: Դեկտեմբերի 22-ին ստացա կապիտանի կոչում: 1992-96թթ. եղել եմ ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ինքնապաշտպանական գործունեությանը զուգահեռ` ԼՂՀ նոր կազմավորվող Գերագույն խորհրդում զբաղվել եմ նաեւ Էդիլլու ենթաշրջանի խնդիրներով: 1993թ. փետրվարի 5-ին ստացել եմ մայորի կոչում: 1993թ. մայիսի 5-ին ստացել եմ փոխգնդապետի կոչում եւ նշանակվել 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի հրամանատար: 1993թ. հունիսի 15-ից բրիգադը, իմ հրամանատարությամբ, սկսում է ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածի հակահարձակումը: Մինչեւ 1993 թվականի օգոստոսի 21-ն ազատագրեցինք Ֆիզուլի քաղաքն ու տարածքի գյուղերը: 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մոտոհրաձգային կամավորական բրիգադն ազատագրում է Արցախի հարավային հատվածը` սահմանագիծը հասցնելով Արաքսի ափերին: Առաջադրանքը կատարելով` բրիգադը վերադարձավ կարճատեւ հանգստի: 1993 թվականի դեկտեմբերի 15-ին նոր մարտական առաջադրանք ստացանք մեկնելու ԼՂՀ Մարտակերտի սահմանագիծ, որտեղ, օգտվելով կարճատեւ զինադադարից, հակառակորդը բավականին ուժեր էր կուտակել եւ փորձում էր լայնածավալ հարձակում սկսել: Դեկտեմբերի վերջին, մեկ գումարտակ թողնելով Հադրութի ուղղությամբ` Ֆիզուլու մոտ, բրիգադն արդեն տեղավորված էր Մարտակերտի սահմանագծի հատվածում եւ սկսեց կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: 1994 թվականի հունվարի առաջին օրերից սկսած 5-րդ բրիգադի գումարտակները սկսեցին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի, Տոնաշեններ ու Դաստակերտ գյուղերի ազատագրումը: 1994թ. հունվարի սկզբից ռազմաճակատի հյուսիսում` Մարտակերտի հատվածում, ղարաբաղյան ուժերի հետ բրիգադը սկսեց Մարտակերտի տարածքի ազատագրումը 1994 թվականի փետրվար-մարտ ամիսներին ոչնչացնելով հակառակորդի հյուսիսային հատվածի կրակակետերը, բրիգադի գումարտակները մոտեցան Թալիշ գյուղին: Ապրիլի 10-ին բրիգադի գումարտակներն ազատագրեցին Մատաղիսը, 14-ին` Թալիշը եւ մինչեւ ապրիլի վերջը բրիգադի գումարտակներն արդեն մոտեցան Վերին Չայլու եւ Լեոնարխ գյուղերին: Արժանացել եմ ՀՀ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի, ԼՂՀ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի, Արցախի հերոսի կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշանի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Ներսես Շնորհալի» մեդալի: Ունեմ պետական, կառավարական, գերատեսչական, նաեւ` հասարակական կազմակերպությունների բազում պարգեւներ, շքանշաններ, մեդալներ, հուշամեդալներ, ընդհուպ` ԵԿՄ բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ եմ: Արժանացել եմ տարբեր պետությունների գերատեսչական պարգեւների: Հայաստանի եւ Արցախի մի քանի տասնյակ քաղաքների, անգամ` ամբողջական մարզերի պատվավոր քաղաքացի եմ: 1995-ին իմ ղեկավարած բրիգադը տեղափոխվում է Կապան եւ միավորվում 97-րդ բրիգադի հետ: Ես նշանակվեցի միավորված բրիգադի եւ գնդի կարգավիճակ ունեցող օպերատիվ խմբի ընդհանուր հրամանատար: Հետագայում երեք տարի եղել եմ առաջին բանակային կորպուսի հրամանատար, մասնակցել եմ բանակաշինությանը` 8 տարի լինելով պաշտպանության փոխնախարար մարտական պատրաստվածության, ինժեներական ստորաբաժանումների, ուսումնական հաստատությունների եւ մարզական կառույցների հարցերով: Մշտապես եղել եմ առաջնագծում: Ե´վ ապրիլյան պատերազմից առաջ, ե´ւ ապրիլյանի օրերին, ե´ւ դրանից հետո շարունակ մի քանի հազար երկրապահներով կանգնած եմ առաջնագծում հայ դիրքապահի կողքին: Բացառիկ հարցազրույցը՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ [b]Հարցազրույցը շարունակելի է [/b]

Նմանատիպ նյութեր