211652_close_icon
views-count163690 դիտում article-date 09:59 23-03-2016

Դաժան ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է գազատարին և հայտնվել դաշտում. կա 3 զոհ, զոհերից 2-ը հարազատ եղբայրներ են, 1-ը՝ ժամկետային զինծառայող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Opel մակնիշի 34 ՏF 796 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ Նիզանի-Սայաթ Նովա գյուղերի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, այնուհետև շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արբաթ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա Արսեն Հովսեփյանը և 23-ամյա Սարգիս Բադալյանը տեղում մահացել են, իսկ 21-ամյա Լևոն Հովսեփյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արտակ Ղազարյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորին օգնության են հասել քաղաքացիները և հենց վերջիններս էլ նրան տեղափոխել են հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենայից դուրս հայտնաբերված դիերը պատգարակով տեղափոխել են շտապօգնության մեքենան: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներից Ս. Բադալյանն աշխատում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի Չարբախի հրշեջ-փրկարարական ջոկատում, իսկ Ա. Հովսեփյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Շամշադինի N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող: Ա. և Լ. Հովսեփյանները հարազատ եղբայրներ են: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արթուր Մխիթարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր