211652_close_icon
views-count56443 դիտում article-date 10:18 27-11-2022

Պարզվել է Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների ինքնությունը. երեքը զինծառայող էին, որոնցից երկուսը՝ հարազատ եղբայրներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչների և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների և մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Volkswagen-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հովսեփ Մուրադխանյանը։ Իսկ BMW-ն վարել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ՝ 19-ամյա Վարդան Դանոյանը։

Վթարի հետևանքով BMW-ի վարորդը և նրա ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարիբեկ Արզումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ BMW-ի մյուս ուղևոր՝ Սարուխան գյուղի բնակիչ, 33-ամյա Գարիկ Վռշիկյանը և Volkswagen-ի վարորդ Հ. Մուրադխանյանն ու նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Սերգեյ Ժամհարյանն ու 31-ամյա Սարգիս Ժամհարյանը տեղում մահացել են։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Հ. Մուրադխանյանը և Ս. և Ս. Ժամհարյանները ծառայում էին ՀՀ ՊՆ Ն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ, իսկ Ս. և Ս. Ժամհարյանները հարազատ եղբայրներ էին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, բախվել էին BMW և  Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Մարտունու  թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջ-փրկարարները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել 1, իսկ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայից՝ 3 քաղաքացու դիերը:

Օպերատիվ էին գործել նաև Մարտունու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա տեղափոխել «Մարտունի» ԲԿ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։ 

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի  հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր  Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Մանուկյանի և Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել էր նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 180+
180+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր