211652_close_icon
views-count1144 դիտում article-date 14:59 21-03-2026

Էջմիածին քաղաքում հայտնի «Բոյնի» թաղամասի մի քանի շենքերի նկուղներ ու բակեր ողողված են կեղտաջրերով, իսկ պատասխանատուները մեկը մեկի վրա են բարդում խնդրի լուծումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի Չարենցի 11-րդ և 13-րդ շենքերի բակային հատվածում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով, որ ամեն անգամ դիտահորերից դուրս թափվող կեղտաջուրը գրոհում է փողոցը, բակային հատվածը ու անգամ լցվում շենքի նկուղներ, սակայն «Վեոլիա ջուրը» ոչինչ չի անում։

Այսօր՝ մարտի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երեկ՝ մարտի 20-ին, նորից զանգահարեցինք «Վեոլիա ջուր» ու մեզ պատասխանեցին, թե մենք այստեղ անելիք չունենք, իսկ երբ հայտնեցինք, որ իրենց վերաբերյալ կբողոքենք, այն աստիճանի էին իրենց անպատժելի զգում, որ պատասխանում են՝ «ինչ ուզում եք, արեք, ում ուզում եք, բողոքեք»։ Այ որ կառավարությունը դրանց ծոծրակից բռնի ու դուրս շպրտի Հայաստանից, էդ ժամանակ կիմանան՝ բովոքելը որն է։

Մի անգամ եթե կառավարության բռունցքի ուժը տեսնեին, ապա նման անպատասխանատու պատասխան չէին տա մեզ։ Ամբողջ տարածքում հոտից մեռնում ենք։ Էլ չենք ասում, որ կեղտաջրերը շենքերի հիմքերի հերն անիծում է։ Մի որոշ ժամանակ հետո էդ շենքերը դառնալու են վթարային։ 

Հիմա ուզում ենք դիմել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին, որ գոնե դուք «Վեոլիա ջրին» պարտավորեցնել իր աշխատանքները կատարի, ոչ թե ամեն անգամ մենք մեր միջոցներով գումար հավաքենք ու դիտահորերը բացենք։ 

Մի անգամ քաղաքապետարանն արել է այդ գործը, ու գիտի, թե ինչ տանջալից աշխատանք է։ Մաքրում էր, 1 օրը չլրացած նորից նույն վիճակն էր։ Ինչ անենք, բողոքի ակցիաներ սկսե՞նք, նորից նույն վիճակն է, բայց ուզում ենք ենք հավատալ, որ Արմավիրի մարզպետին ու Վաղարշապատի համայնքապետը թիկունք կկանգնեն մեզ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր