211652_close_icon
views-count2641 դիտում article-date 11:02 21-03-2026

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն. վերջինները կոտրել են բնակչի երկաթե պաշտպանիչ ցանկապատն ու հայտնվել շինության տարածքում. «BMW»-ում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Ռոբերտ Ս.-ի վարած «BMW» մակնիշի և 24-ամյա Նորայր Ա.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ում հրդեհ է բռնկվել։

3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատիներից մեկի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են 2-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1-ը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչին պատկանող շինության պաշտպանիչ երկաթե ցանկապատը և հայտնվել շինության տարածքում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր