22602 դիտում
13:35 05-02-2016
Վայոց Ձորի մարզում ճանապարհի մերկասառույցի և դժվարանցանելի հատվածի պատճառով զինվորներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է
Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում մերկասառույցի պատճառով ճանապարհի դժվարանցանելի, վայրընթաց հատվածում Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 23-ամյա Լևոն Հայրապետյանը իրեն ամրակցված Գազ 33081 մակնիշի ՊՆ 2121Տ համարանիշի ավտոմեքենայով կողաշրջվել է կողմնակի ձյունածածկի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով ավտոմեքենայի թափքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 19-ամյա Արթուր Պետրոսյանը, Շիրակի մարզի բնակիչ, 20-ամյա Սերյոժա Սարդարյանը և Երևան Քաղաքի Սարի թաղի բնակիչ, 22-ամյա Աշոտ Յայլոյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Զանգեզուրի կայազորային հոսպիտալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանի մոտ ախտորոշվել են ճակատի, աջ ծնկահոդի քերծվածքներ, Ս. Սարդարյանի մոտ՝ ձախ սրունքի առաջնային մակերեսի քերծվածք, Ա. Յայլոյանի մոտ՝ ճակատի, ձախ նախաբազկի շրջանների քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ:
Նշված անձինք ստացել են ամբուլատոր բուժօգնություն և մեկնել են զորամասեր: Ավտոմեքենայի թափքում էլի են զինվորներ եղել, ովքեր չեն տուժել:
Փաստի առթիվ տեղի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: