211652_close_icon
views-count2803 դիտում article-date 23:46 19-12-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Subaru» մակնիշի ավտոմեքենայում. «Nissan»-ն ու «Mercedes»-ը մասամբ վնասվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Subaru» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու «Բելաջիոյի» աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Մասամբ վնասվել են նաև կայանված «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են «Subaru»-ի և մասամբ վնասված «Nissan»-ի ու «Mercedes»-ի սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+

Նմանատիպ նյութեր