46222 դիտում
11:31 15-10-2015
Արտակարգ դեպք Ճամբարակ քաղաքում. բեռնատարը հայտնվել է տան տանիքում. դեպքի վայր են ժամանել մարզի փրկարար ծառայության պետը, Ճամբարակի ոստիկանապետն ու քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Սարալանջի թիվ 47 տան տանիքի վրա է հայտնվել Գազ 66 մակնիշի ավտոմեքենա և այն տանիքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պարգև Խաչիկյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Յուրա Ավալյանի գլխավորությամբ:
Այս պահին փրկարարները, ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները փորձում են մեծ դժվարությամբ հատուկ տեխնիկայի գործադրմամբ բեռնատարը հեռացնել տանիքի վրայից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ տանտերը հարևան սենյակում քնած է եղել և արթնացել է ուժեղ դմփոցից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը պատկանում է Սարալանջի փողոցի 50 տան բնակիչ Մհեր Գաբրիելյանին, ով մեքենան կայանել էր բակում, սակայն դեռևս անհայտ պայմաններում մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և մոտ 250 մետր առաջ գալով՝ հայտնվել է տան տանիքում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+