211652_close_icon
views-count51583 դիտում article-date 12:25 17-08-2015

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՊՆ համարանիշներով «ПАЗ»-ը գլխիվայր շրջվել է. կա 10 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճաշեն գյուղի վարչական տարածքում «ПАЗ» մակնիշի ՊՆ 3336 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 10 հոգի տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հատուկ ջրափրկարարների և քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր այս պահին վթարի վայրում տեղզննման աշխատանքներ են կատարում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ում հանձնարարականով լրացուցիչ բժիշկներ են ժամանում Սևանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչի պատճառով էլ նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը: Փաստի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ քիչ ուշ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր