25001 դիտում
10:47 17-08-2015
Երևանում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի մոտ, 27-ամյա վարորդը Nissan-ով գլխիվայր շրջվել և հայտնվել է Հրազդան գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի բնակիչ, 27-ամյա Անուշավան Նուրիջանյանը Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ իր վարած Nissan մակնիշի 22 TT 012 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Նուրիջանյանն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր ուղևորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվելու գետից և տեղափոխվելու է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+