153922 դիտում
10:06 04-07-2015
Ողբերգական ու առեղծվածային սպանություն՝ Երևանում. ամուսինը կնոջը սպանելուց առաջ հրամայել է ձեռքը դնել Աստվածաշնչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապ օգնության թիվ 12 հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Քանաքեռ 14 փողոցի 24/1 տուն, որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված տուն է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Սարգիս Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են տանտիրուհու՝ 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին՝ կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից տեղում է եղել նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հայկ Ասլանյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր ավագ քննիչ Անդրանիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բնակարանում հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել 42-ամյա Վահան Կարապետյանին, ով մահացածի ամուսինն է և կասկածվում է կնոջը սպանելու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամուսինը սառնասրտորեն ոստիկաններին ու քննիչներին պատմում էր, թե որտեղ և ինչպես է սպանել կնոջը: Այնուհետև մատնացույց արեց, թե որտեղ է թաքցրել այն դանակը, որը սպանությունից հետո մաքրել էր: Ոստիկաններին ներկայացրեց նաև մեկ այլ խոհանոցային դանակ, որը նա թաքցրել էր բազկաթոռի մեջ: Ոստիկաններն ու քննիչները այդ դանակներն առգրավեցին:
Բազմոցին դրված էր նաև Աստվածաշունչ, և ստահակը սառնասրտորեն պատմում էր, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետև վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»: Ընթացքում էլ ստիպել է կնոջը՝ «ձեռքդ դիր Աստվածաշնչին և երդվիր» և էլի մի քանի արտահայտություններ է արել, որից հետո իր սև գործն է կատարել կնոջ նկատմամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն անկեղծորեն շոկի մեջ էին ու ասում էին. «Նամուսով կին էր: Աշխատում էր Քանաքեռի կարի ֆաբրիկայում: Ոչ մի անգամ վատ բան չենք տեսել ու լսել նրա մասին: Ամուսինը ինչ-որ հավատքների էր գնում և երևի դա էր պատճառը, որ նա դիմել է այդ ստոր քայլին: Լավ էր՝ ոստիկանները, քննիչները շուտ եկան ու կարողացան դրան բռնեն, թե չէ՝ չէր բացառվում՝ էն գյոզալ աղջիկներին էլ վնասեր»:
Գ. Շամշյանը հայտնում է, որ քննիչի որոշմամբ Վ. Կարապետյանը ձերբակալվել է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30843 դիտում
21:02 27-10-2014
Դաժան սպանություն Երևանում. 69-ամյա ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը