211652_close_icon
views-count27422 դիտում article-date 10:56 16-05-2015

Խոշոր ավտովթար Երևանում. «Տաշիր Պիցցա»-ի մոտ բախվել են մենեջերի և խաղատան դիլլերի Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Տիգրան Մեծ և Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր Պիցցա»-ի հարևանությամբ, բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Մարիա Սմիրնովայի վարած Mercedes մակնիշի MA-808-RU համարանիշի և Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի բնակիչ, 22-ամյա Հարություն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 60 ԼՏ 060 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Իլոնա Ուլբենկյանը, 21-ամյա Ռոբերտ Գևորգյանը և Mercedes-ի վարորդ Հ. Սարգսյանը: Օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բրիգադը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել Մ. Սմիրնովային, որից հետո վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ ինքն առողջական խնդիրներ չունի: Բախման հետևանքով Հ. Սարգսյանը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով շինության պատին: Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Հ. Սարգսյանի վարած Mercedes-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն կարճ ժամանակ անց ՃՈ աշխատակիցների հորդորով համարանիշները տեղադրեցին մեքենայի վրա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայցուցիչները, սակայն, չգիտես ինչու, Հ. Սարգսյանի ավտոմեքենայի ԱՊՊԱ գործակալը իր հիմնական գործը թողած, պարզում էր, թե վարորդը պայմանագիրը որտեղ է թողել, մինչդեռ մի քանի անգամ նրան ասելուց հետո նա հասկացավ, որ վարորդը հիվանդանոցում է: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Սարգսյանն աշխատում է «Վերածնունդ Ինվեստ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Մ. Սմիրնովան՝ «Շանգրի Լա» խաղատանը՝ որպես դիլլեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Երևանի 1-03 շտապ օգնությունն ու Ճանապարհային ոստիկանությունը գործեցին օպերատիվ, ապա «Կենտրոն սանմաքրման» աշխատակիցները արջաքուն էին մտել. չկային ու չկային, իսկ բախման հետևանքով ավտոմեքենայից դիզվառելիքի արտահոսք կար, ու եթե չմաքրեին, ապա հերթական վթարը տեղի կունենար նշված հատվածում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր