Խոշոր ավտովթար` Սպիտակի ոլորաններում. զինվորական «Ուրալ»-ը 15 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 8 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
                        Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: 
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 8  հոգի՝  որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել նաև Լոռու մարզի  դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, և ՀՀ Պն Լոռու մարզի կայազորային զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը: 
Ժամանել է նաեւ Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մարզի ՓՎ պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ:
 Օպերատիվ են գործել  նաև շտապօգնության բրիգադները: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ զինվորական դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի , վիրավորների և մահացածի ինքնությունը:  
ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ զինվորականներին, ոստիկաններին, փրկարարներին ու բժիշկներին մեծ օգնություն են ցուցաբերում քաղաքացիները: 
Վթարի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ ՏԿ ԱԻ նախարար  Արմեն Երիցյանն ու ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն  են կատարում Ճանապարհային ոստիկանությունն ու  Սպիտակի բաժնի ծառայողները, որպեսզի խցանում տեղի չունենա:
***
19:30 
Քիչ առաջ ֆոտոլրագրողը  հայտնեց, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Արտյոմ Գերասի Թովմասյանն էր, ով 2013 թ-ին Սիսյանի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել էր ծառայության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


