211652_close_icon
views-count49311 դիտում article-date 15:38 03-11-2014

Նոր մանրամասներ Սիսիանի ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա հղի կնոջ մահվան մասին. նա մահվանից առաջ քրոջը խնդրել է, որ փոքր որդուն լավ նայեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում հղիության ընթացքում մահացած 28-ամյա Անի Դավթյանի մայրը համոզված է, որ աղջկա մահը վրա է հասել բժիշկների մեղավորության պատճառով: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց մահացածի մայրը՝ Ալվարդ Խաչատրյանը: Նա պատմեց, որ աղջիկը հոկտեմբերի 24-ին որովայնի ցավեր է ունեցել եւ գնացել է Սիսիանի հիվանդանոց, իսկ բժշկուհին զննել է եւ ասել, որ վտանգավոր ոչինչ չկա: «Բժշկուհին միայն ասաց, որ պտղապարկը պառկած վիճակում է եւ ընկերքից մի փոքր մաս պոկվել է, բայց վախենալու ոչինչ չկա: Ես էլ՝ որպես մայր, ասացի, եթե աղջկաս կյանքը փրկելու համար պետք է , որ պտուղը հեռացնենք, հեռացրեք, բայց հուսադրեցին եւ սիստեմա միացրեցին: Անալիզներ էլ վերցրեցին եւ հավատացրին, որ ամեն ինչ նորմալ է: Գիշերվա 12-ին աղջիկս հաց կերավ: Բայց առավոտյան՝ հոկտեմբերի 25-ին, աղջկաս ինքնազգացողությունն ավելի վատացավ: Բոլոր բժիշկները խառնվեցին իրար, բայց ոչինչ չհայտնաբերեցին, չհասկացան, թե ինչից է»,- պատմեց տիկին Ալվարդը: Իսկ երբ Անիին տեղափոխել են պալատ, նրա ինքնազգացողությունն էլ ավելի է վատացել եւ ուժեղ արյունահոսություն է սկսվել: «Աղջիկս ցավերի մեջ գոռում էր, բայց ոչինչ չէին անում: Արյուն էր պետք, բայց հիվանդանոցում արյուն չունեին: Ամբողջ Սիսիանը հավաքվել էր, որ արյուն տար, բայց լաբորատորիայում բժշկուհի չունեին, որ արյուն վերցնեին: Ռեամոբիլ պահանջեցի, որ իրեն Երեւան տեղափոխեին, բայց չկար այդ մեքենան: Երեւանում էր»,- ասաց մահացածի մայրը՝ կարծիք հայտնելով, որ եթե աղջկան կարողանային տեղափոխել Երեւան, գուցե փրկվեր: Նա նաեւ ավելացրեց, որ աղջիկը երկրորդ երեխային էր սպասում. «2 տարեկան 7 ամսական տղա երեխա ունի, իսկ այս մահացած պտուղը աղջիկ էր: Ես ինքս այդ պտուղը տեսել եմ: Կազմավորված, հրաշք երեխա էր»: Տիկին Ալվարդը պատմեց, որ Անին ցավերի մեջ քրոջը խնդրել է, որ որդուն լավ նայեն: Մահացածի հարազատները պատրաստվում են բոլոր իրավասու մարմիններին դիմել, որ մեղավորները պատժվեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր