211652_close_icon
views-count6888 դիտում article-date 11:10 03-05-2014

Ականի պայթյունից մահացած Բերդավանի բնակիչը մահվանից առաջ խնամուն խնդրել էր երեխաների միջև խտրականություն չդնել

Ապրիլի 15-ին ականի պայթյունից վիրավորված ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Բաբիկյանին նոր են հայտնել, որ իր հետ բանջար հավաքելու գնացած իր խնամին` 56-ամյա Ռաֆիկ Մուղդոսյանը, մահացել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաղթանակ գյուղի գյուղապետ Վահրամ Շարոյանը: Նրա խոսքով՝ համագյուղացին դեռ հիվանդանոցում է. ոտնաթաթը հեռացրել են, բայց երկուշաբթի՝ մայիսի 5-ին, եւս 1 վիրահատության կենթարկվի, քանի որ պատրաստվում են եւս 6-7 սանտիմետրով կարճացնել ոտքը: Գյուղապետը նաեւ տեղեկացրեց, որ Գաբրիել Բաբիկյանին ավելի շատ ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան ցավն է տանջում: «Անընդհատ հիշում է խնամու տանջանքները: Գիշերները չի կարողանում քնել, հաց ուտել: Հատկապես խնամու վերջին խոսքերը հանգիստ չեն տալիս, երբ խնդրել է, որ եթե առաջինը ինքը մահանա, նրա երեխաներին իր երեխաներից չտարբերի»,- ավելացրեց գյուղապետը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում բանջար հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել ականի վրա: Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնել էինք նաեւ, որ վիրավորի աղջիկն ամուսնացած է մահացածի տղայի հետ:

Նմանատիպ նյութեր