211652_close_icon
views-count73863 դիտում article-date 10:13 25-09-2014

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Քաղցրաշեն-Այգեզարդ գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում բախվել են Վազ 2106 մակնիշի 13 V V 991 համարանիշի և Volkswagen Bora մակնիշի 99 ՏM 899 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մահացել են, 3 հոգի էլ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Վթարից հետո տուժածներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, որից հետո ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, ովքեր, չսպասելով հրշեջների ժամանմանը, վիրավորների հետ շտապ մեկնեցին հիվանդանոց: Բախումից հետո Volkwagen-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել ջրատար կիսախողովակի մեջ: Վթարի հետևանքով 2-ը մահացել են տեղում, իսկ 1-ը՝ հիվանդանոցում: Այս պահին տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Սուլթանյանը, ում կողմից, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 1-ից ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածները կանայք են, ովքեր մեկնում էին դաշտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ գյուղամիջյան այս ճանապարհահատվածում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնց մեծ մասը, ցավոք, ողբերգական ավարտ է ունեցել: Պատճառներից մեկն էլ այն է, որ տեսանելիություն չկա՝ T-աձև խաչմերուկների ճանապարհի եզրերին աճող եղեգի (ղամիշների) պատճառով, որոնք փակում են վարորդների տեսադաշտը, և նրանք միմյանց չեն նկատում ու տեղի է ունենում բախում: Վթարի մասին տեղեկացվել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ում կարգադրությամբ արդեն օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արարատի մարզպետարանի պաշտոնյաները: Նշված վայր է բերվում հատուկ տեխնիկա, որպեսզի տեսադաշտը կարողանան բացել: Գյուղացիներն ավելի շատ զայրացել էին այն հանգամանքից, որ վթարից հետո, երբ ողջ մարզում տարածվել էր ողբերգության մասին լուրը, Քաղցրաշենի և Այգեզարդի գյուղապետերը չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր, երբ տուժել են իրենց համայնքների բնակիչները: *** 12:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արտաշատի ոստիկանությունը պարզել է՝ Volkswagen-ը վարել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Նորայր Հակոբյանը, Վազ 2106-ը վարել է Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի բնակիչ, 55-ամյա Սարգիս Խաչատրյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները: Պարզվել է նաև մահացածների ինքնությունը. նրանք են՝ Վազ 2106-ի ուղևորներ՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Նինա Աբրահամյանը, 49-ամյա Մայրանուշ Ղամբարյանը և 36-ամյա Անահիտ Աբրահամյանը: Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում նաև Քաղցրաշեն գյուղի բնակիչ, 54-ամյա Սուրմակ Ֆարադյանը: Քիչ առաջ քննիչի որոշմամբ Volkswagen-ի վարորդ Ն. Հակոբյանը ձերբակալվել է, սակայն վերջինս գտնվում է Արտաշատի հիվանդանոցում, որտեղ պետք է վիրահատվի: Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի կարգադրությամբ Արտաշատի ոստիկանները Արտաշատի ոստիկանապետի գլխավորությամբ հիվանդանոցում ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ ոստիկանությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ, որ հնարավոր է՝ մահացածի հարազատները փորձեն հիվանդանոցում հաշվեհարդար տեսնել Ն. Հակոբյանի նկատմամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր