Ոստիկանները Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերել են 42-ամյա տղամարդու կախված դի
                        Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Էդգար Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 14-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերված կախված տղամարդու մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին նշված հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն ահազանգել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ թիվ 10 սենյակի բնակիչը չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: 
Հյուրանոց է ժամանել ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, ովքեր լոգարանում կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Վարդգես Օրգուսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մահվան հանգամանքները պարզելու համար: 
Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե սպանություն, կպարզվի քննության ընթացքում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

