211652_close_icon
views-count1870 դիտում article-date 14:54 30-10-2026

«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց․Մասիս Մելքոնյանն ազատում է կալանքից, վերաքննիչը՝ կալանավորելու որոշում կայացնում․ «Փաստինֆո»

Քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, որը մեղադրվում է քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության կազմակերպման գործով, կրկին կալանավորվել է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և բեկանել Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 28-ին կայացած նիստում որոշել է Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։ Ընդ որում, սա նրանց կալանքից ազատելու Մելքոնյանի առաջին փորձը չէր։ Մասնավորապես, Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կյուրեղյանի գործով վերդիկտի հրապարակումը նախատեսված էր դեռ հունիսի 10-ին, ինչը չի իրականացվել, թեև դատաքննությունն ըստ էության ավարտվել էր, փոխարենը որոշել էր կալանքից ազատել նրանց։ Վերաքննիչ դատարանը, սակայն, բեկանել է որոշումը և կրկին կալանավորման որոշում կայացրել, իսկ սեպտեմբերի 8-ին Մելքոնյանը որոշել է ևս 21 օրով երկարացնել նրանց կալանքի ժամկետը։ Նշենք, որ գործով դատարանը պատրաստվում է հարցաքննել սույն դրվագով վկայի, որը ՌԴ-ում է գտնվում։ Ըստ այդմ, արդարադատության նախարարությունն իրավական փոխօգնության շրջանակներում դիմել է ՌԴ-ին՝ տեսակապով հարցաքննության կազմակերպման համար, սակայն պատասխան դեռևս չի ստացվել։ Ստեփանյանին և Կյուրեղյանին կալանքից արդեն երկրորդ անգամ ազատելու որոշումը դատախազությունը կրկին բողոքարկել է՝ պահանջելով բեկանել դատական ակտը և կրկին կալանավորելու որոշում կայացնել։ Բողոք ներկայացրել էր նաև պաշտպանը՝ պահանջելով Ռուստամ Ստեփանյանի և Կյուրեղյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և թողնել համակցված խափանման միջոցներից գրավը և բացակայելու արգելքը, կամ դրանց հետ համակցված կիրառել վարչական հսկողություն՝ սահմանափակելով նշված քրեական վարույթի մասնակիցների հետ շփումը: Բողոքները քննվել են դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ։

Դատախազության բողոքը, ինչպես արդեն նշվեց, բավարարվել է։ Վերաքննիչ դատարանն արդեն երկրորդ անգամ է գտնում, որ սպանության կազմակերպման գործով մեղադրյալ քրեական հեղինակությունը պետք է մնա կալանքի տակ և բեկանում է դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը։ Ուշագրավ է, որ, օրինակ, քաղաքական հետաքրքրություն ունեցող գործերով Մելքոնյանը, սովորաբար, իշխանությունների ընդդիմախոսներին կալանավորելու որոշում է կայացնում։

Հիշեցնենք, որ սպանության դեպքը տեղի է ունեցել 2024թ․ հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ.ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», եւս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր