211652_close_icon
views-count448 դիտում article-date 19:27 15-10-2026

«Տարածաշրջանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և մասնակցությունը COP 17 համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը կարևոր միջոցառում է Հայաստանի համար, և ՀՀ Կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է նախապատրաստվել համաժողովին։ Երկրի ղեկավարը հավելել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, և հնարավորություն է ստեղծվել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաստատվի երկարատև կայուն խաղաղություն։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս աջակցությունը Հայաստանին։

Լուիզ Մուշիկիվաբոն ևս կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը և ընդգծել ՖՄԿ հետագա աջակցությունը մեր երկրին։ Վերջինս ողջունել է COP 17–ի անցկացումը Երևանում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Լուիզ Մուշիկիվաբոն միաժամանակ կարևորել է 2027 թվականին մեր երկրում Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի անցկացումը, ինչը ևս առիթ կլինի տարբեր երկրների երիտասարդների համար ծանոթանալ Հայաստանին և հաստատել կապեր։

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև Կամբոջայում նոյեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովի վերաբերյալ»։

Նմանատիպ նյութեր