211652_close_icon
views-count1378 դիտում article-date 19:07 13-10-2026

Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Արարատ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է այս փուլում վայելել ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններն ու ապագայում հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։

«Ես կարծում եմ՝ ոչ մեկը դա չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ անդամ երկրները: Եվրամիության հետ հարաբերություններն այսօր աննախադեպ խորն ու սերտ են և տարբեր ոլորտներ են ընդգրկում։ Նախարարը հավելել է՝ խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, առևտրին աջակցելու մասին չէ, այլև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլնի»,- Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ այս մասին ասել է Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում։

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանում ԵՄ անդամակցության մասին լուրջ խոսակցությունը նոր է սկսվել, և հարցի շուրջ խորը հանրային քննարկումներ չեն եղել, թեև 2024 թվականի գարնանն ընդունվել է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

«Ես վստահ չեմ, թե ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն «այո» ասի»,- ասել է նախարարը։

ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Միրզոյանը խոսել է նաև Ռուսաստանի մասին՝ նշելով, որ մենք պատմականորեն մտերիմ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ։

«Պատմականորեն մենք շատ մտերիմ ենք եղել և դեռևս ունենք շատ ամուր կապեր, բայց հնարավոր արձագանքը պետք է կառավարվի։ Նկատի ունեմ՝ ոչ ոք չի ուզում նոր թշնամիներ ստեղծել աշխարհում։ Եվ որևէ մեկին, որևէ երրորդ կողմին վնասելու մտադրություն չկա»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ Վրաստանի դեպքում էլ կհեշտանար կյանքը, եթե երկիրը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Նախարարի կարծիքով՝ դա էական փոփոխություն կմտցներ և կփոխեր խոսակցությունն այս փուլում։ Ուստի նրա տպավորությամբ՝ այս փուլում թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն, թե՛ անդամ երկրները վայելում են գործընթացը։

«Եկեք շարունակենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորությունները, հետո ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»,- նշել է Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր