211652_close_icon
views-count1486 դիտում article-date 14:59 13-10-2026

Ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակչում են

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ 

Մրցումային առաջին իսկ օրը Արմեն Բաբալարյանի գլխավորած հայկական պատվիրակության համար տպավորիչ ստացվեց. Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ նվաճել է եզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։

Մինչև 72 կգ քաշայինների պայքարում Մ20 աշխարհի գործող չեմպիոն Գասպար Տերտերյանը շարունակում է փայլուն ելույթները նաև Մ23 տարիքային խմբում: 1/8 եզրափակիչում վրացի Նիկա Բրոլաձեին (3:1) և քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Մագոմեդ Բարախոևին (9:0) վստահորեն հաղթելուց հետո, հայ ըմբիշը կիսաեզրափակիչում ծանր գոտեմարտ անցկացրեց: Տերտերյանը կամային բարձր որակներ դրսևորեց՝ կոլումբիացի Նիլսոն Սինիստերային զիջելիս բեկելով գոտեմարտի ընթացքն ու հաղթելով 3:2 հաշվով։

Ոսկե մեդալի համար Տերտերյանը կգոտեմարտի Ղազախստանը ներկայացնող Յուսուֆ Աշրապովի հետ։

Նույնքան դիտարժան էր 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանի գոտեմարտերի շարքը։ Նա մեկնարկում 10:2 հաշվով առավելության հասավ սերբ Օգնեն Յակովլևիչի նկատմամբ, ապա 1/8 եզրափակիչում ռևանշի հասավ ուզբեկ Ալիմջոն Սոատուլաևի նկատմամբ (3:2), որին պարտվել էր 2025 թվականին։ Քառորդ եզրափակիչում Մ23 Ասիայի չեմպիոն, ղրղզ Էռլան Մարս Ուուլուի արգելքը հաղթահարելուց հետո (1:1՝ վերջին միավորի կանոնով), հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնեց Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յոհանսոնին։

Եզրափակչում Պետրոսյանի մրցակիցը կլինի իրանցի Աբոլֆազլ Մոհամադին։

67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը երկու հաղթանակներից հետո (չինացի Յանգի և ամերիկացի Բլեքի նկատմամբ) քառորդ եզրափակիչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էրզու Զակրիևին։ Քանի որ Զակրիևը հասել է եզրափակիչ, Հովեյանն իրավունք է ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին և շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար։

97 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է վրացի Լուկա Գաբիսոնիային (2:7) և ավարտել մրցելույթները։

Աշխարհի առաջնության առաջին մեդալային գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 05։00-ին։

Նմանատիպ նյութեր