Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
Այս պահից ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի խախտեք այն», - Truth social ցանցում գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը, քննադատելով Ուկրաինայի նախագահին, նախօրեին կոչ էր արել Զելենսկիին դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները։
Այսօր արդեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Մոսկվան դադարեցնի ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա իր հարվածները։
Ավելի ուշ` ABC հեռուստաալիքի «This Week» հաղորդման եթերում էլ նա նշել է, որ հեշտ է վառելիքի թանկացման համար մեղադրել Ուկրաինային, «մինչդեռ աշխարհում բոլորը հասկանում են, որ գները բարձրանում են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով»։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ։