211652_close_icon
views-count448 դիտում article-date 16:31 29-09-2026

Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունն ու մատնանշել թիրախային ուղղությունները

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի պետական նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կարևորել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ծավալած աշխատանքը։ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ կառույցի գործունեության առանցքում, և այդ ուղղությամբ հետևողական աշխատանքները կրում են երկարաժամկետ ու անփոփոխ բնույթ։ Նա նաև մատնանշել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունն ու մատնանշել հետևյալ թիրախային ուղղությունները.

Հավաքական վերադարձի իրավունք. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ միջազգային հուսալի երաշխիքների առկայությամբ հավաքական վերադարձի իրավունքի իրացում։

Գերիների ազատ արձակում. Ադրբեջանում պահվող հայազգի գերիների և պատանդների շուտափույթ ազատ արձակման հարցի առաջմղում

Մշակութային ժառանգության պաշտպանություն. Արցախի մշակութային ու պատմական ժառանգության պահպանություն և Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացման քաղաքականության հակազդում

Սոցիալ-կրթական աջակցություն. Բռնի տեղահանված արցախցիներին կենցաղային, սոցիալական և կրթական աջակցության ցուցաբերման մեխանիզմների ընդլայնում։

Քննարկման ավարտին կողմերը կարևորել են համատեղ ջանքերի շարունակականությունն ու փոխգործակցությունը։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների դերակատարությունը և ընդգծել նմանօրինակ հանդիպումների նշանակությունը՝ առաջիկա աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու գործում։

Նմանատիպ նյութեր