211652_close_icon
views-count502 դիտում article-date 13:38 24-09-2026

Քաղաքացին, երբ գնում է Հայաստանից այլ երկրի անձնագրով, մեր համակարգերը տեսնու՞մ են, որ դա նույն քաղաքացին է. վստահ չեմ, որ մի քանի անձնագիր ունեցողին իդենտիֆիկացնելու ենք որպես մի անձ. Արսեն Թորոսյան

Քաղաքացին, երբ գնում է Հայաստանից այլ երկրի անձնագրով, մեր համակարգերը տեսնու՞մ են, որ դա նույն քաղաքացին է, վստահ չեմ, որ մի քանի անձնագիր ունեցողին իդենտիֆիկացնելու ենք որպես մի անձ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե մենք կարողանում ենք անձին իդենտիֆիկացնել իր բազմաթիվ անձնագրերով որպես մի հոգի, հարցը լուծվում է։ Հիմա հարցը դա է, կարողանում ենք, թե՞ չենք կարողանում։ Ես, ինչքան հասկանում եմ, մինչ օրս բոլոր դեպքերում չենք կարողանում դա անել, և հարցը մի հոգու մասին է, այդ մի հոգու իրավունքը կամ հաստատվում է, կամ չի հաստատվում սահմանահատումով։  

Եթե քաղաքացին գնաց Հայաստանից իր որևէ այլ երկրի անձնագրով, մեր համակարգերը տեսնու՞մ են արդյոք, որ դա նույն քաղաքացին է, և դա նույնպե՞ս համարվում է հայկական անձնագրով սահմանահատում: Եթե համարվում է, մենք խնդիր չունենք, միանգամից հանենք այդ 1 տարի քաղաքացու ՀՀ ներկայանալու պահանջը, մենք մինչև հիմա չունենք այդ հարցի պատասխանը, ու ես վստահ չեմ, որ հունվարի 1-ից ունենալու ենք»,- ասաց Թորոսյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Թորոսյանի հարցին, շեշտեց, որ մինչև բիոմետրիան չլինի, այդ հարցը ավտոմատ չի լուծվի, որովհետև այդ հարցն ըստ անձի կլուծվի միայն բիոմետրիայով:

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանն էլ համաձայնեց՝ նշելով, որ բացի այդ, սահմանային կետերը պետք է կահավորվեն, և էլեկտրոնային գեյթերը ունեն հնարավորություն մատնահետքը ֆիքսելու և անձնագրի չիպի տվյալների հետ համադրելու:

«Օտարերկրացիների մասով էլ սխեման կարող է մշակվել և անցակետում հավաքել տվյալները, որն էլ մեր բազայի հետ համադրելով մարդուն կնույնականացնի, փաստաթղթերը էական չէ, գաղափարախոսությունը դրված է, որ մարդը եթե նույնիսկ մեկ անգամ դիմում է մեր երկրից վիզա ստանալու, այսուհետ պետք է հետագծելի լինի իր ամբողջ վարքագիծը, այսինքն վիզայից երկարատև վիզա, երկարատև վիզայից քաղաքացիություն ճանապարհը ի սկզբանե պետք է լինի հավաքված տվյալների հիման վրա՝ որպես միակ իրավական աղբյուրը»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր