211652_close_icon
views-count496 դիտում article-date 16:27 23-09-2026

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում բախվել են «BMW X6» մակնիշի և «BYD» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BYD»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Ղազարյանը և պարեկ Արայիկ Դավթյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր