211652_close_icon
views-count1582 դիտում article-date 10:58 22-09-2026

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, «Սասունցի Դավիթ» կամավորական, աշխարհազորային ջոկատի հիմնադիր, լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի ծննդյան օրն էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, հայրենիքի նվիրյալ, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի ծննդյան օրն է։ Այդ առթիվ ԵԿՄ Դավթաշենի տարածքային բաժանմունքի անդամները՝ կառույցի նախագահ Սարգիս Գրիգորյանի գլխավորությամբ, հրամանատարի ընտանիքի անդամների և մարտական ընկերների հետ այցելեցին նրա անունը կրող դպրոց, որտեղ մասնակցեցին հիշատակի ու մեծարման հանդիսավոր միջոցառմանը։ Այնտեղ, որտեղ ժամանակին սովորել էր Աշոտ Մանուկյանը, այսօր հայրենասեր ու արժանի նոր սերունդ է մեծանում։ Հավերժ փա՛ռք ու խոնարհում մեր անմահ հերոսների լուսավոր հիշատակին։

«Մամ ջան, բա ինչ անեմ, թուրքը գա մեզ մեր տան մեջը փրթի, մենք էսպես նստենք, քնենք»... Աշոտ Մանուկյան

Սեպտեմբերի 21- ը՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, «Սասունցի Դավիթ» կամավորական, աշխարհազորային ջոկատի հիմնադիր և լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի ծննդյան օրն է։

Ծնվել է 1958 թվականին Երևանում։

Նրա ծննդյան օրը խորհրդանշականորեն համընկնում է Հայաստանի Անկախության տոնի հետ: Հրամանատարն ինքն այդ առիթով կատակով ասել է. «Իմ ծննդյան օրը հարմարեցրինք Անկախության օրվան»:

 1990 թվականի հունվարի 13-ին Ազատության հրապարակում կոչ հնչեցնելուց հետո, նա կարողացավ ընդամենը երեք օրվա ընթացքում Դավթաշենի կամավորներից հավաքագրել ու լիարժեք մարտունակ ջոկատ ձևավորել։ Արդեն հունվարի 16-ին ջոկատը մեկնեց առաջնագիծ՝ պատնեշ դառնալու հայրենիքի սահմաններին։

Հենց նրա առաջարկով էլ ջոկատն անվանվեց հայկական էպոսի հերոսի՝ «Սասունցի Դավիթ» անունով։
Սասունցի Դավիթ» ջոկատի և նրա լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի ռազմական սխրանքը խորհրդանշում է բացառիկ անձնազոհություն, կարգապահություն և հայրենատիրություն Արցախյան առաջին պատերազմի ամենաօրհասական տարիներին:Նրա ու ջոկատի մարտական ուղին հարուստ է հերոսական դրվագներով.

Նրա հրամանատարությամբ ջոկատը 1990-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների (այդ թվում՝ Երասխավանի) պաշտպանությանը և Արցախի՝ Քաշաթաղի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու շրջանների ու Շուշիի ազատագրման կատաղի մարտերին:

 Մարտի դաշտում նա հայտնի էր որպես խստապահանջ, բայց միաժամանակ զինվորի կողքին կանգնած, առաջնագծում կռվող հրամանատար:

Նա երբեք թիկունքից չէր ղեկավարում մարտը. միշտ առաջինն էր գնում գրոհի և վերջինն էր նահանջում՝ վտանգելով սեփական կյանքը հանուն իր զինվորների անվտանգության։  Մարտական ընկերները հիշում են նրան որպես անվախ ու հպարտ առաջնորդի, որի ներկայությունը մարտի դաշտում վստահություն ու ուժ էր ներշնչում բոլորին։

Լեգենդար հրամանատարի կյանքի թելը կտրվեց 1994 թվականի փետրվարի 3-ին, երբ նրա ջոկատը դեռ առաջնագծում շարունակում էր պաշտպանել հայրենիքի սահմանները։ Նրա անձնուրաց ուղին հայոց ժամանակակից պատմության մեջ մնաց որպես հայրենասիրության հավերժական սխրանք։

 Աշոտ Մանուկյանի  անունն է կրում Երևանի թիվ 93 միջնակարգ դպրոցը: Բացի այդ, 2025 թվականին Երևանի ավագանու որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է նրա պատվին։ 

Շնորհավոր երկնային ծնունդդ, «Սասունցի Դավիթ» ջոկատի անվեհեր հրամանատար Աշոտ Մանուկյան։

Տեսանյութն՝ այստեղ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր