211652_close_icon
views-count30039 դիտում article-date 17:30 03-07-2022

Քեզ բացակա չենք դնի. այսօր Արցախյան առաջին պատերազմի «Սասնա ծռեր» ջոկատի լեգենդար հրամանատար Սամվել Գևորգյանի հիշատակի օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան առաջին պատերազմը համարվում է նորանկախ Հայաստանի  պատմության ամենահաղթանակած պատերազմներից մեկը:
 
Այսօր՝ հուլիսի 3֊ին, Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներից՝ Սամվել Գևորգյանի հիշատակի օրն է։
 
30 տարի առաջ` 1992 թվականի հուլիսի 3֊ին, նա անմահացավ Մարտակերտում։  Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանով։ Հայրենիքի նվիրյալի անցած հերոսական ուղին արժանի է հարգանքի և մեծարանքի։ 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լեգենդար հրամանատարի շիրիմին այցելեցին նրա հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Երևանի Սամվել Գևորգյանի անվան հ. 189 ավագ դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներն ու սաները, ովքեր ծաղիկներ խոնարհեցին, ապա կատարեցին խնկարկում:


Սամվել Գևորգյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 21-ին, Երևան քաղաքում։ 1971 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1971-1972 թվականներին ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում։ 1972-1989 թվականներին աշխատել է որպես մարզիչ-մանկավարժ։

Դպրոցական տարիքից զբաղվել է խճուղային հեծանվավազքով` դառնալով պատանիների և մեծահասակների հանրապետական ու համամիութենական բազմաթիվ մրցաշարերի հաղթող։ 15 տարեկանում արժանացել էր սպորտի վարպետի կոչման։ Խորհրդային Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնության յոթակի չեմպիոն է։ Հանդես է եկել ԽՍՀՄ խճուղային հեծանվավազքի հավաքականում։

Սամվել Գևորգյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին։ 1989-1990 թվականներին կատարել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի շտաբի պետի պարտականությունները։ 1990 մայիսին դարձել է «Սասնա ծռեր» կամավորական ջոկատի հրամանատար։

1990 թվականի հունվարին մասնակցել է Խորհրդային Հայաստանի Երասխ գյուղի ինքնապաշտպանական կռիվներին։ Այնուհետև մասնակցել է Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Կիրանց, Կոռնիձոր գյուղերի, Ճամբարակի, Վարդենիսի շրջանի բնակավայրերի, Արցախի Հանրապետության Իվանյան, Բերձոր (Բերձորի մարդասիրական միջանցքի բացում), Մարտակերտ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին]։ Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին Մարտակերտի պաշտպանական մարտերի ժամանակ։

Սամվել Գևորգյանը մասնակցել է 1990 թվականին Երասխ գյուղում և հարակից տարածքներում ընթացող մարտական գործողություններին։ Հունվարի 17-ից 19-ը Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանի Երասխ բնակավայրում և հարակից տարածքներում հայկական կամավորական ջոկատների և ադրբեջանական զինված ստորաբաժանումների միջև տեղի են ունենում զինված ընդհարումներ։ Մարտական գործողությունները սկսվում են հունվարի 17-ին։ Հայկական ուժերը զբաղեցրել էին Արաքսի հովտի դիրքերը, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները՝ Երասխի մերձակա բնական բարձրադիր ամրություններում։

Չկարողանալով շոշափելի հաջողությունների հասնել՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարները հունվարի 17-ի գիշերը ռազմական խորհրդի նիստ են հրավիրում՝ որոշելու ռազմական գործողությունների հետագա պլանը։ Հունվարի 18-ին հայկական կամավորական ուժերն անցնում են վճռական հարձակման, ադրբեջանական զինված ստորաբաժանումներին հեռացնում են իրենց զբաղեցրած գրեթե բոլոր բարձրադիր դիրքերից։ Մարտական գործողությունները շարունակվել են նաև հունվարի 19-ին, որի ընթացքում հայկական ուժերը ոչնչացնում են ադրբեջանական բոլոր կրակակետերը և հակառակորդ կողմին հետ մղվել դեպի Նախիջևան։

Սամվել Գևորգյանը մասնակցել է 1992 թվականի մայիսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև ցամաքային ճանապարհի հաղորդակցության բացման մարտերին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Բերձոր (Լաչին), ապա դուրս եկել Հայաստանի պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը Հայաստանին կապող «Մարդասիրական միջանցքը։ 1992 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մարտակերտի մատույցներում թեժ կռիվներ էին ընթանում։

Հուլիսի 3-ին Սամվել Գևորգյանը տեղեկանում է, որ «Նաիրի» ջոկատի զինծառայողները շրջափակման մեջ են ընկել։ Սամվել Գևորգյանը հեռակապով կապ է հաստատում «Նաիրի» ջոկատի հրամանատարի հետ և որոշում «Վիլիս» ավտոմեքենայով գնալ շրջափակման մեջ ընկած ազատամարտիկներին օգնության։ Նա ավտոմեքենայով շարժվում է դեպի ադրբեջանական տանկերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով շեղել վերջինների կրակը շրջապատված հայ զինծառայողների ուղղությունից։

​Ադրբեջանական տանկերը կրակի ուղղությունը փոխում են դեպի իրենց կողմը շարժվող «Վիլիսը»։ Արձակված կրակից սպանվում է Սամվել Գևորգյանը։ Դրանից հետո շրջապատման մեջ հայտնված «Նաիրի» ջոկատի զինծառայողները ճեղքում են պաշարումն ու դուրս գալիս շրջափակումից։ Նույն օրը ուշ երեկոյան Սամվել Գևորգյանի մարմինը դուրս է բերվում մարտադաշտից։

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 456+
456+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր