211652_close_icon
views-count1327 դիտում article-date 10:02 21-09-2026

«Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները

ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո մշակվել է արձանագրությունների ավելի քան 83 %–ը, և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%-ը։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Երկրորդ տեղում Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է (13,83%), որին հաջորդում են Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Նոր մարդիկ» (7,96%) և «Արդար Ռուսաստան» (4,99%) կուսակցությունները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Վեստի»–ին հայտնել է, որ Պետդումայի ընտրություններում ամենաակտիվների թվում է եղել Երևանում դեսպանատան տարածքում գործող ընտրատեղամասը։

«Արտասահմանում ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում առաջատար են Երևանը, Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Պհուկետը և Ղազախստանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 17-ից: Սեպտեմբերի 20-ը վերջին օրն էր։ Ընտրություններին դաշնային կուսակցական ցուցակներով մասնակցել է 10 կուսակցություն: «Միասնական Ռուսաստան» (Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք» (Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ» (Коммунисты России) և «Նոր մարդիկ» (Новые люди)։

Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։

Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները կլինեն սեպտեմբերի 25-ին:

Նմանատիպ նյութեր