211652_close_icon
views-count6754 դիտում article-date 12:11 14-09-2026

Ծավում ծորակի ջրում սնդիկ է հայտնաբերվել․ ՀՀ առողջապահության նախարարությունը բնակիչներին հորդորում է չօգտագործել ջուրը

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։ 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է: 

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ 

Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները: 

Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով: 

Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն մեր կողմից կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:   

Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար։

Նմանատիպ նյութեր